Խալաֆովը և Գալուզինը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Մայիսի 31-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Խորհրդակցություններին ադրբեջանական կողմը ներկայացրել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ռուսական կողմից՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների երկկողմ օրակարգի քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ արդիական հարցերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ։

Պատվիրակությունները նշել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական քայլերը։