Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները․ Փաշինյան

«Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ընդ որում, այն կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլ նաև՝ գլոբալ պրոցեսների հետ, Ռուսաստանիի և Ուկրաինայի հետ տեղի ունեցող պրոցեսների հետ»,-խորհրդարանում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային հերթական փուլին՝ նա հայտնեց, որ Մոսկվայում քննարկվել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, և հայկական կողմն ասել է, որ այն պետք է արվի 2020 թվականի եռակողմ հայտարարության հիման վրա։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք շատ արագ բացել այդ կոմունիկացիները՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք և այժմ փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Այստեղ էլ իմ ասած սկզբունքների հիման վրա բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում»,- ասաց ՀՀ նա և հայտարարեց, որ պատրաստ են գնալ դրան, ինչը խթան կլինի տնտեսության զարգացման համար, բայց այդ հարցի լուծումը միայն Հայկական կողմից չի կախված:

Անդրադառնալով մայիսի 28-ին Բերձորում Ալիևի արած հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասած, առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Նա դիմեց Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս գործընկերներից ճշտի, քանի որ Ալիևի հնչեցրած տեքսը շատ մոտ է դրան:

Փաշինյանն անդրադարձավ նաև Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպմանը և, տեղեկացնելով, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին ուղարկած 4 փաթեթի վերաբերյալ դեռ պատասխան չի ստացվել, հայտարարեց. «Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  Բերձորում հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։