Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց Վրաստանի անկախության օրը

Վրաստանի անկախության օրվա առթիվ Հայաստանում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հյուրընկալվել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և մշակութային գործիչներ:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, որն ազգային հագուստ էր կրում, հյուրերին դիմավորում էր բարձր տրամադրությամբ:

Գիորգի Սագանելիձեն հիշեցրեց, որ 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակեց իր անկախությունը, և աշխարհի քարտեզի վրա հայտնվեց պատմության մեջ առաջին սոցիալ-ժողովրդավարական պետությունը։

«Մեկ դարից ավելի ազատատենչ վրաց ժողովուրդը անձնուրաց պայքար էր մղում կայսերական ռեժիմի դեմ, 1918-ին կարողացավ և վերադարձավ անկախ պետության հազարամյա պրակտիկային։ Չնայած այն բանին, որ Վրաստանի առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2 տարի և 9 ամիս, արձանագրեց շատ ձեռքբերումներ. Վրաստանը տարածաշրջանում առաջին պետությունն էր, որը ձայնի իրավունք տվեց երկու սեռի ներկայացուցիչներին, և բարձրագույն օրենսդիր մարմնում ընտրվեց 5 կին անդամ, որոնցից մեկը հայ էր»,-նշեց դեսպանը:

Խոսելով վերջին տարիների մասին՝ Գիորգի Սագանելիձեն ընդգծեց՝ Վրաստանն անկախության 32 տարիների ընթացքում կարողացավ և այսօր տարածաշրջանի 19 երկրների մեջ առաջատար դիրքում է կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն։ Նրա խոսքով՝ 2020 թվականին Վրաստանն առաջին տեղում էր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 23 երկրների շարքում բիզնեսի պարզության ցուցանիշով, աշխարհի հնգյակում է տնտեսական ազատության ցուցանիշով:

«Այս փուլում ունենք տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ, վերջին տասը տարվա ընթացքում կիսով չափ նվազել է գործազրկությունը։ Սահմանադրական մակարդակով արձանագրվել է վրաց ժողովրդի կամքը Վրաստանի՝ Եվրոպական Միությանը և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) ինտեգրվելու վերաբերյալ»,-շեշտեց Սագանելիձեն և անդրադարձավ հայ-վրացական բարեկամական հարաբերություններին:

Նրա հավաստացմամբ՝ վրացիների և հայերի բարիդրացիության, բարեկամության ու եղբայրական հարաբերությունների բազմադարյա ավանդույթն աննախադեպ օրինակ է համաշխարհային պատմության մեջ։ «Բազմաթիվ հայ հասարակական գործիչներ իրենց առանձնահատուկ սերն էին ցուցաբերում Վրաստանի հանդեպ, այդ թվում՝ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, Շամչի Մելքոն, Խաչատուր Աբովյանը, Ավետիք Իսահակյանը և, ինչ խոսք, Հովհաննես Թումանյանը։ Նույնը արտահայտել են բազմաթիվ վրացի դասական գրողներ։ Հուրախություն մեզ՝ պետք է ասել, որ այսօր պատմական մաքսիմումի վրա է գտնվում համագործակցության մակարդակն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակույթի, էներգետիկայի, տուրիզմի և այլ ոլորտներում։ Աննախադեպ աճել է առևտրաշրջանառությունը, և շատ շուտով Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել առանց անձնագրի՝ կենսաչափական անձը հաստատող վկայականներով, ինչն ավելի կամրապնդի և կխորացնի Վրաստանի և Հայաստանի հավիտենական եղբայրությունը»,-եզրափակեց Գիորգի Սագանելիձն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խաղաղություն ու բարգավաճում մաղթելով Վրաստանին, ասաց, որ երկու երկրները շատ լավ գիտեն անկախության գինը, որը մաքառումների, հայրենասիրության, մեծ զոհաբերությունների, միասնականության ամբողջություն է:

Նա շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը կապված են քրիստոնեական ու մշակութային բազմաթիվ թելերով:

«Մեր հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի հայ-վրացական հսկայական մշակութային ժառանգությունը, որի վրա իրենց անջնջելի հետքն են թողել այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Սայաթ-Նովան, Հովհաննես Թումանյանը, Պետրոս Ադամյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Բազմիցս մեր ժողովուրդները բախվել են հզոր տերությունների կողմից կլանվելու խնդրին, բայց այսօր կանգնած ենք որպես անկախ, ժողովրդավար պետություններ: Մենք այժմ էլ ապրում ենք դժվարին ժամանակներում: Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում մենք բախվում ենք լրջագույն մարտահրավերների և պետք է սատար կանգնենք միմյանց, միավորենք մեր ջանքերը դրանց դիմակայելու համար: Միասնաբար մեզ կհաջողվի տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և զարգացման ամուր հիմքեր ստեղծել»,-շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր հայ-վրացական միջկառավարական, միջխորհրդարանական հարաբերությունները որակապես նոր փուլում են և դինամիկ զարգացում ունեն: Սիմոնյանն իր խոսքերի վառ վկայությունն է համարում Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները:

«2022 թվականի օգոստոսի 19-ին հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի հատվածում, հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող «Բարեկամություն» կամրջի գործարկման արարողության շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի վարչապետների՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Հայ-վրացական տնտեսական օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանը»,-նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանն իր խոսքն ամփոփեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ հայ և վրաց ժողովուրդներին թողած պատգամով. «Ամեն ինչին նայեք բարեկամական սիրո բարձունքից. սեր, որ վեհացնում է, սեր, որ արարում է, սեր, որ միաբանում է և ջերմացնում»:

Ելույթներից հետո հնչեցին Հայաստանի և Վրաստանի ազգային օրհներգերը և Հայաստանում Վրաստանի արտակարգ, լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն հյուրերին հրավիրեց համտեսելու վրացական գինին ու ավանդական ուտեստները: