Ադրբեջանից ի՞նչ ես ուզում․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին
Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս անգամ թեմային նորից արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
«Թյուրքական ճանապարհն անցնում է թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Ստեղծեցինք «Թյուրքական պետությունների կազմակերպություն», միավորեցինք ողջ թյուրքական աշխարհը։ Թյուրքական ճանապարհն անցնում է մեր եղբայրների հետ միասին տասնյակ տարիների ջանքով ստեղծված Միջին միջանցքով»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, թե «թյուրքական ճանապարհը» անցնում է Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով։
«Քըլըչդարօղլուն դուրս եկավ եթեր՝ ձեռքին մի քարտեզ։ Ի՞նչ է ասում։ Ասում է՝ ահա իմ նոր նախագիծը։ Նայում ենք՝ ջան Ադրբեջանը շրջանցվել է։ Եղբայրական Ադրբեջանից ի՞նչ ես ուզում հա՛րգարժան Քըլըչդարօղլու։ Ի՞նչ ես ուզում ջան Ադրբեջանից։ Ի՞նչ խնդիր ունես ադրբեջանցի եղբայրների հետ»,-հարցրել է Չավուշօղլուն: