Հայաստանը դարձել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության հիմնական շահառուն․ Պուտինը՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում

Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության հիմնական շահառուն. այս մասին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այժմ քննարկում էինք մեր երկրների տնտեսական իրավիճակը և վերլուծում, թե ինչպես է ընթանում համագործակցությունը։ Ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շատ հաջող է ընթանում։ Ինչպես հենց նոր ասաց Ղազախստանի նախագահը, հիմնական շահառուն Հայաստանն է։ Որովհետև Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։ Որքա՞ն. անցյալ տարի այն կազմել է 12,6%, այս տարի՝ ՀՆԱ-ի 12,1% աճ։ Սա, իհարկե, լուրջ թիվ է։ Շատ լուրջ թիվ»,- ասել է է Պուտինը։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները Կրեմլում սկսել են հանդիպումը։ ԵԱՏՄ գագաթնաժողովը հինգշաբթի բացվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Կասիմ Ժոմարտ Տոկաևի և Սադիր Ժապարովի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարման արարողությամբ:

Նախատեսվում է, որ «հնգյակի» առաջնորդները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը կանցկացնեն նեղ և ընդլայնված ձևաչափերով: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահներ Շավքաթ Միրզիոևն ու Էմոմալի Ռահմոնը կմիանան տեսակապի միջոցով: Արդյունքների հիման վրա սպասվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հինգշաբթի օրը Պուտինն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Ինչպես հստակեցրել է Պեսկովը, նախատեսվում են երկու առանձին հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև՝ եռակողմ բանակցություններ: