Թունավորման ախտանշաններով երեխաներն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից․ ԱՆ

Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն: