ԻԻՀ-Սաուդյան Արաբիա նոր հարաբերություններ․ ազդեցությունը Իրանի տարածաշրջանային դերի վրա

Այս տարվա մարտից սկսվել են տարածաշրջանային փոխատեղումներ ոչ միայն մեր, այլև մեծ տարածաշրջանում, ասել է թե՝ ամբողջ Արևմտյան Ասիայում, որը կարելի է անվանել աշխարհառազմավարական հակահեղափոխություն։ 2023-ի մարտին Իրանը և Սաուդյան Արաբիան Պեկինում Չինաստանի միջնորդությամբ համաձայնագիր ստորագրեցին հարաբերությունների վերականգնման մասին և պայմանավորվեցին երկու ամսում բացել իրենց դեսպանատները։ Սա պատմական պահ է․ չնայած վաղուց հակամարտող երկու կողմերի բարի ձգտումներին, ընդ որում՝ Սաուդյան Արաբիային ամեն կերպ աջակցում էին ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան և Եվրոպան, աշխարհը արժանին է մատուցում Պեկինին (նաև մյուս միջնորդ պետություններին)։ Սա լավ նախավարժանք է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու չինական ծրագրի համապատկերին, ինչը նույնպես սարերի հետևում չէ․ արդեն նշանակվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայի հարցով։

Այս ամենով հանդերձ, վերջերս Իրանում տեղի ունեցած մասշտաբային և արյունալի աննախադեպ ցույցերի ժամանակ, որոնք ներշնչվել էին արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից, Թեհրանում շատ-շատերը բարձրաձայն մեղադրում էին Էր Ռիադին անկարգությունները ֆինանսավորելու մեջ: Իրանում տեղի ունեցող խառնաշփոթին սաուդյան հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը քննարկվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունում և Իրանի հետախուզության նախարարությունում։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզոդան՝ պնդելով, թե Թեհրանն ունի բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Սաուդյան Արաբիան, իր հերթին, Իրանին մեղադրել է Եմենի հուսիթներին (շիաներին) աջակցելու և զինելու, նավթագործարանի վրա հարձակվելու և շատ այլ բաների մեջ: Վերջապես, սուննի-վահաբական Սաուդյան չի դադարեցրել Բաքվի վահաբացման, Սիրիայում հակամարտությանը «յուղ լցնելու», Իրանում տարբեր տեսակի սուննիական ահաբեկչական գործողությունների մասնակցության կուրսը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան գնաց Պաղեստինի արաբների ազատագրման գործին դավաճանելու ճանապարհով, ավելին, պատրաստվում էր բազա և հենակետ դառնալ Իսրայելի և ԱՄՆ-ի համար Իրանի շարունակական «շրջափակման» գործում՝ ինչպես Պարսից ծոցի, այնպես էլ Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի կողմից:

Եվ ահա, Չինաստանում սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները պայմանավորվեցին արյան թշնամանքից շարժվել դեպի բարիդրացիություն։ Սա կոտրում է Մերձավոր Արևելքի ողջ ճարտարապետությունը, որը ստեղծել են ամերիկացիներն ու սիոնիստ հրեաները։ Իհարկե, Իրանի թշնամիների ցուցակը դեռ մեծ է՝ Անգլիա, Ֆրանսիա և այլն։ Ինչպես մարտի 12-ին նշել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար, այաթոլլա Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, «Պարսից ծոցում սկսվել է հետամերիկյան դարաշրջանը»։ Այս մասին հայտնում է Iranist ռեսուրսը։ Նա հայտարարել է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնությունը մեծ ցնցում է ԱՄՆ քաղաքական դաշտում, և տարածաշրջանում ամերիկյան հեգեմոնիայի ավարտն է: Այդ համաձայնագրով Պարսից ծոցի տարածաշրջանում սկսվել է հետամերիկյան դարաշրջանը»։ Ինչպես նշել է պարոն Սաֆավին. «Այս համաձայնագիրն ուղղված է երկու երկրների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բարօրությանը, ոչ թե տարածաշրջանի որևէ երկրի դեմ… Չինաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը Չինաստանի երկրորդ կարևոր հարվածն էր Ամերիկային»: Իրանցիների և սաուդցիների միջև կնքված համաձայնագիրը, անշուշտ, կմտնի դասագրքեր, եթե իհարկե հերթական պատմական շրջադարձին ի չիք չդառնա: Բայց դրանում որոշակի դեր, անշուշտ, ունի սաուդցիների եռանդուն թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանին՝ Թագավորության արտաքին և ներքաղաքական բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը: Նա 37 տարեկան է, նրա հայրը՝ թագավոր Սալմանը, վերջերս դարձավ 87 տարեկան։ Ժառանգը պատրաստվում է գալ լրջորեն և երկար ժամանակով։ Այնուամենայնիվ, այս համաձայնագրում որոշիչ դերը, իհարկե, իրանա-չինական տանդեմինն է, թեկուզ միայն այն պատճառով, որ Իրանն ու Չինաստանը 25 տարի կապված են ռազմավարական դաշինքի և փոխգործակցության անքակտելի համաձայնությամբ։ Ահա թե որն է «Պարսից ծոցի տարածաշրջանում հետամերիկյան դարաշրջանի սկզբի» բուն գործընթացի «շարժիչը», որը վերջերս հայտարարեց իրանցի գեներալ-մայոր Սաֆավին: Թե ինչ է տեղի ունեցել Սաուդյան թագաժառանգի ուղեղում, որը դեռ 2022-ի աշնանը պատրաստվում էր դառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր գործակալը Պարսից ծոցի երկրների գոտում, դեռ պարզ չէ, միայն կարող ենք ենթադրել, որ ջրբաժան են դարձել Իրան-Չինաստան տանդեմի դիվանագիտական ջանքերը, և վահաբական միապետությունը հանուն ինքնապահպանման՝ հրաժարվել է ԱՄՆ-ին և Իսրայելին տված մի շարք պարտավորություններից: 

Շարունակելի 

Սերգեյ Շաքարյանց