Հրատապ․ ի՞նչ է կատարվում Արցախում՝ ի պատասխան Բրյուսելյան հանդիպման (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշելը Հայաստանի համար խիստ մտահոգիչ բովանդակությամբ հայտարարություն հրապարակեց հանդիպման արդյունքների վերաբերյալ, որում նշվում էր, թե Հայաստանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 89,600 քառակուսի կիլոմետրի սահմաններում։ Ավելի ուշ տեքստը խմբագրվել է, և 89,600 քառակուսի կիլոմետրը դարձրել են 86,600 քառակուսի կիլոմետր՝ նշելով, թե վրիպակ է եղել։ Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Շառլ Միշելի գնահատականին՝ ասաց․ «Բոլորիս հիշողության մեջ մնացել է 2022-ի ապրիլի 13-ը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նշաձողի իջեցման անհրաժեշտության միջազգային պահանջի մասին։ Երեկ մենք այդ հայտարարությունը ստացանք Արևմուտքից, որը նշաձողի իջեցման տրամաբանության մեջ էր»։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Բրյուսելում Հայաստանի իշխանությունները և մասնավորապես ՀՀ վարչապետը չխոսեցին, որ Ադրբեջանի փաստացի տարածքը 75 հազար քառակուսի կիլոմետր է․ 30 տարի այդպես է եղել։ Հետևաբար անգամ վրիպակն ուղղելուց հետո, երբ Ադրբեջանի տարածքը ներկայացվում է իբրև 86,600 քառակուսի կիլոմետր, մտահոգությունը, որ Արցախը այնուամենայնիվ դիտարկվում է Ադրբեջանի կազմում, չի փարատվում։ Այսինքն՝ մնացած տարածքը հենց Արցախի Հանրապետությունն է․ «Այո, իրենք դիտարկել են Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Բայց ցանկացած փաստաթուղթ նախապատրաստելիս, իսկ երեկ բանավոր պայմանավորվածություն է եղել, պետք է այն հիմնավորումներ ունենա։ Իրենց հիմնավորումը Ալմա Աթայի հռչակագիրն է, որը կազմվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին։ Պաշտոնական Բաքուն այդ հռչակագիրը ստորագրել է՝ լինելով դեռևս ԽՍՀՄ կազմում, որից դուրս է եկել դեկտեմբերի 28-ին։ Ուստի Ալմա Աթայի հռչակագրով նման գործարքներ անելը միջազգային նորմերի խախտում է։ Երեկվա բանավոր պայմանավորվածությունները չեն կարող իրավական հիմք ունենալ»։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև 1992 թվականի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը, որով ամրագրված է, որ ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փատաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Այս ամենը հանցավոր գործողություններ են, որոնք իրագործվում են միջազգային հարթակներում և սպասարկում են հավաքական Արևմուտքի շահը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում