Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Բրյուսելում հնչեցրած հայտարարություններին ու դրանց հետևած արձագանքներին, գրում է.

«Հարգելի արցախցիներ, որևէ մեկն իրավասու չէ Ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ:

Առնվազն կարող են երաշխավորել Ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբևէ՝ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել: Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաները այդ իրավական գործընթացի վրա այլևս տարածվել չեն կարող:

Հ.Գ. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է»։