ՔՊ-ականները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և կանխել հետագա էսկալացիան

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումների շարքը ինչպես պետական կառույցների, այնպես էլ հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենին:

Պատվիրակության անդամները հանդիպել են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմն Վիլսոնին, ամերիկյան հետազոտական Բրուքինգս ինստիտուտի արտաքին քաղաքականության գործադիր տնօրեն Էնդրյու Մոֆատին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի կենտրոնի փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, ինչպես նաև Վաշինգտոնում գործող Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին

ՀՀ պատվիրակության անդամները հանդիպումների ընթացքում ներկայացրել են, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ-ն՝ խախտելով հրադադարի ռեժիմը, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ պատգամավորները կոչ են արել ԱՄՆ գործընկերներին ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա և կանխելու հետագա էսկալացիան:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և անցակետի տեղադրման փաստը։

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին:

Խորհրդարանական պատվիրակության անդամները ԱՄՆ գործընկերներին են ներկայացրել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը: