Էրդողանը ընտրություններին ընդառաջ պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնում է 45 %-ով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է մոտ 700 հազար պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով բարձրացնելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք որոշել ենք բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը 45%–ով։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։ Այսպիսով, պետական ծառայողի նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչև 15 հազար լիրա (ավելի քան 760 դոլար – խմբ.)»,- ասել է Էրդողանը։

Նախատեսվում է նաև 10%-ով բարձրացնել նրանց աշխատավարձերը, որոնց հարազատները զոհվել են ահաբեկչության հետևանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս։ Գիշերային հերթափոխով աշխատողների աշխատավարձը կավելանա ևս 8%-ով։

Նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։