Շոշի բնակիչն անասնագոմի տարածքից հայտնաբերել է հրթիռակասետային ռումբ․ ԱԻՊԾ

Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ  ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմի տարածքից հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:

Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։

Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։