ԵԽԽՎ 40 խորհրդարանականներ պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը

ԵԽԽՎ 40 խորհրդարանականներ պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Խորհրդարանականները հորդորել են Ադրբեջանին անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժ ապահովել Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում են  Եվրոպայի խորհրդում Հայաստանի գրասենյակից։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝  հումանիտար ծանր հետևանքներ ստեղծելով տեղի 120 հազար բնակչի համար:

Ադրբեջանին հորդորել են բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ։

Խորհրդարանականները կոչ են արել Եվրոպայի խորհրդին ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները։