Որոտան-Խոտ ճանապարհահատվածում կկառուցվի դրենաժային համակարգ՝ արտահոսող ջրերը այլ վայր տեղափոխելու համար

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 3-րդ նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, Որոտան և Խոտ բնակավայրերի, ճանապարհի վերակառուցումը նախագծած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրավիրված էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպմանը կայացված որոշումների կատարման արդյունքները։ Մասնավորապես, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարվել էր բիոքիմիական հետազոտություն՝ պարզելու համար ճանապարհին հարող հատվածի լանջի գերխոնավացման պատճառները, ինչի հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում տեղի էր ունեցել փլուզում։

Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման նախագծող ընկերությունը ներկայացրեց տեղանքում կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջարկեց լուծումներ՝ սողանքային-վթարային լանջը շրջանցելու, ինչպես նաև փլուզման տարածքից գրունտային ջրերի հոսքը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ։ Ներկայացվեց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ բնական աղետների վերաբերյալ, ինչը կարող էր անդրադառնալ ջրային հոսքերի վրա։

Նիստի ընթացքում «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչի կողմից նշվեց, որ ընկերությունը կվերանորոգի օրական կարգավորող ջրավազանը (ՕԿՋ)։ Որոշվեց նաև, որ տեղանքում պետք է կառուցվի դրենաժային համակարգ՝ արտահոսող ջրերը այլ վայր տեղափոխելու նպատակով։ Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ հնարավոր խնդիրները լուծելու նպատակով։