Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք կստանան 40-50 հազար դրամական աջակցություն․ ԱՀ ԱԺ

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության առաջարկությամբ սոցիալական և առողջապահության  հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 4-ին,  Ազգային ժողովում հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «ԱՀ շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիր» օրակարգով:

«Լսումներին մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ սոցիալական զարգացման և  միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը, պատգամավորներ:

Խորհրդարանական լսումները վարել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ  Գրիգորյանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Քննարկվել է շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր սոցիալական ծրագիր:

Պետնախարարը հավաստիացրել է, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջափակման ընթացքում ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարման համար: Նոր ծրագրի շահառուների ցանկում, նախնական տվյալներով, կընդգրկվեն Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք՝ ներառյալ երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ:
Գուրգեն Ներսիսյանի խոսքով ՝ ծրագրի շահառուներին կցուցաբերվի 40-50 հազար  դրամական աջակցություն: Ծրագրի շարունակականության արդիականությունը կորոշվի յուրաքանաչյուր  ամսվա ավարտից հետո:

Այնուհետև լսումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով: Պատգամավորների կողմից հնչել են հարցեր, առաջարկություններ ծրագրի կազմակերպման ընթացակարգի, դիմումների ընդունման կարգի, հնարավոր խնդիրներից խուսափելու և ծրագրին առնչվող այլ հարցերի շուրջ:

Պետնախարարը նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մայիսից, իսկ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շահառուները աջակցությունից օգտվեն հունիսի սկզբին:
Լսումներին ներկայացված նոր սոցիալական ծրագիրը հավանության է արժանացել խորհրդարանականների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում: