Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար. ՀՀ ԱԺ նախագահի ելույթն Անկարայում

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից։ Վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում Ալեն Սիմոնյանը ելույթի սկզբում ցավակցել է սերբ գործընկերոջը՝ մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած ողբերգության առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը նաև իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Նա նկատել է, որ Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, և մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:

Ալեն Սիմոնյանը չափազանց դրական է գնահատել այն, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով:

Նա նշել է, որ նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար:

ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ