Մեզ համար առաջընթաց կարող էր լինել, եթե կարողանայինք Արցախի ինքնորոշման հարցը ներառել այդ փաստաթղթում․ Թագուհի Թովմասյան

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ մասնավորապես անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող բանակցություններին և քննարկման դրված փաստաթղթի հնարավոր կետերին:

Պատգամավորի համոզմամբ՝ չպիտի ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը որևէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում, էթնիկ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով արցախցիների հարցը քննարկել ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում:

«Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում: Նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել, սպանություններ են իրականացրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում և նրանց հետ խոսել խաղաղության մասին՝ աբսուրդ է: Հետևաբար, չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ պիտի լինի, բայց այդ փաստաթուղթը չպիտի պարունակի Արցախն Ադրբեջանի կազմում թեկուզ տեսական ձևակերպում»,- ասել է նա:

ԱՄՆ-ն այդ բանակցությունների առաջընթացի մասին է խոսել, սա ի՞նչ կարող է նշանակել. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջընթացը վերաբերում է բանակցությունների կայացմանը: «Մեզ համար առաջընթաց կարող էր լինել, եթե կարողանայինք Արցախի ինքնորոշման հարցը ներառել այդ փաստաթղթում: Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձևակերպումների, մենք կունենանք առաջընթաց: Ուրիշ առաջընթացի մասին ես չեմ կարող արձանագրել»,- նշել է պատգամավորը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերին, խոսել 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, նշել, որ արդյունավետ չէ իշխանության կողմից այդ գործընթացի իրականացումը: Նա ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության տարեկան հաղորդման համատեքստում անդրադարձել է մարտի մեկի դեպքերի բացահայտմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, և մինչ օրս այդ գործն ամբողջությամբ բացահայտված չէ:

Պատգամավորը տեղեկացրել է նաև իր նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որով աջակցություն է հայտնում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին: «Մենք պահանջում ենք, որ Բերձորի միջանցքից հեռացվի ապօրինի տեղադրված անցակետը, և վերանայվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը: