Հիասթափությամբ արձանագրեցինք Թուրքիայի հայտարարությունը՝ հայկական ընկերությունների թռիչքները դադարեցնելու մասին. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը, կարծում ենք, կարևոր կլինի ոչ միայն այս երկու երկրների, այլև օգտակար կլինի կայունության համար ողջ տարածաշրջանում։ Այս մասին ավանդական ճեպազրույցի  ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Մենք հիասթափությամբ արձանագրեցինք Թուրքիայի հայտարարությունը՝ հայկական ավիաընկերությունների թռիչքների լիցենզիաները դադարեցնելու մասին։

Օդային թռիչքները վերսկսելու վերաբերյալ այս երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարևոր միջոց էր վստահության ամրապնդման համար ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև կրկին ընդհանուր առմամբ տարածաշրջանային կայունության համար, և մեր անկեղծ հույսն է, որ Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել վերականգնել տնտեսական կապերը և նաև բացել տրանսպորտային ուղիները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը: