Արցախի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագրել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։

ԱՀ ԱԳՆ տեղեկացմամբ, կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանն ի նշան փոխադարձ հարգանքի ու բարեկամության ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն՝ ի սատարումն Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման։

Արցախյան կողմից հանդիպմանը ներկա էին ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Նույն օրը Գզավիե Բերտրանը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների հետ։