Լենցովն Արցախի իշխանություններին ասել է՝ մեկնում է Բաքու բանակցությունների. Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)

Արցախի իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ մեկնելու է Բաքու՝ բանակցությունների։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Ռուսներն ասում են, որ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք: Պետք չի ուշացնել, պետք է քայլեր ձեռնարկել, ռուսին ցույց տանք, որ մենք այստեղ նախիր չենք, ժողովուրդ ենք: Իրենք ժամանակ են ձգում, մենք թե տնտեսապես, թե բարոյապես սպառվում ենք»,-ասել է նա:

Տիգրան Պետրոսյանը կոչ է արել մարդկանց դուրս գալ հրապարակ. «Եկեք այստեղ, որոշենք ինչ ենք պահանջում, ինչ ենք պարտադրում մեր իշխանություններին: Մեծ հանրահավաք է պետք անել, ռուսից պահանջել: Եթե ռուսն էլ ասեց՝ չեմ անում կամ չեմ կարողանում, ասելու ենք՝ եթե դուք չեք դիմում ՄԱԿ-ին, մենք ինքներս կդիմենք պետական մակարդակով: Եթե ՄԱԿ-ն էլ չարձագանքի, կհասկանանք, որ ամբողջ աշխարհը լքել է հայ ազգին: Մեր հետևություններն ու մեր գործողությունները կանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում