Հունաստանում Մայիսի 1-ը նշել են զանգվածային գործադուլներով և ցույցերով

Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ը, Հունաստանում նշում են զանգվածային գործադուլներով և ցույցերով, մասնակցում են արհմիությունները, տեղեկացրել է ERT հեռուստաալիքը։

Բոլոր նավերը մայիսի 1-ին կմնան նավահանգիստներում նավագնացային ընկերությունների արհմիությունների 24-ժամյա գործադուլի պատճառով։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները որոշել են մի քանի ժամ դադարեցնել աշխատանքը. Աթենքում ավտոբուսները և տրոլեյբուսները չեն աշխատի հերթափոխի ընթացքում՝ առավոտ ժամը 09.00-21.00-ը։ Աթենքի մետրոն և տրամվայը չեն աշխատի ամբողջ օրը, չեն աշխատի նաև մերձքաղաքային գնացքները։ Սալոնիկն ամբողջ օրը կմնա առանց քաղաքային ավտոբուսների 24-ժամյա գործադուլի պատճառով։

Աթենքում տեղի կունենան խոշոր արհմիություններրի ցույցեր։

«Համահունական մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը ցույց կանցկացնի խորհրդարանի մոտ, Սինտագմա հրապարակում։

Հունաստանի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (GSEE), Պետական ծառայողների արհմիության ADEDY բարձրագույն խորհուրդը  և Աթենքի աշխատանքի EKA կենտրոնը հանրահավաք կանցկացնեն Կլատմոնոս հրապարակում՝ կոմունիստներից մի քանի հարյուր մետր հեռու։

«Աշխատանքի օրը նշանային օր է աշխատանքային շարժման համար, այն նշանավորում է դասակարգային պայքարի, նեխած և բարբարոսական կապիտալիստական համակարգի տապալման ուղին, դեպի նոր հասարակություն՝ սոցիալիզմ-կոմունիզմ տանող ուղին»,- նշվել է Հունաստանի Կոմկուսի՝ տոնի առիթով տարածած հայտարարությունում։

Հույն կոմունիստների կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած ժողովրդական զանգվածային ելույթները եվրոպական շատ երկրներում ցույց են տալիս միակ ուղին, որը կարող է հանգեցնել մարդու կողմից մարդու շահագործման վերացմանը։ «Դրանք ցույց են տալիս, որ վարձու ստրկությունից բանվոր դասակարգի ազատագրման պայքարը կապիտալիզմի շղթաներից մարդկության ազատագրման ուղին է»,- նշվել է հայտարարությունում։

Հունաստանի Կոմկուսը զգուշացնում է, որ բուրժուական ցանկացած կառավարություն, որը կձևավորվի մայիսի 21-ի ընտրություններից հետո, օբյեկտիվորեն կնպաստի հակաժողովրդական քաղաքականության սրմանը Հունաստանում, և կոչ է անում քվեարկել կոմունիստների օգտին։