Լույս աշխարհ է 44-օրյա պատերազմում զոհված Պավել Մանուկյանի քույրը

Ծնվել է հերոս Պավել Մանուկյանի քույրը, հայտնում են Պտղաբերության Կենտրոնից:

«Իմ սիրելի Հասմիկը քաջաբար մեզ հետ հաղթահարեց բոլոր խոչնդոտները և կրկին մայրացավ 49 տարեկան հասակում։ Մաղթում ենք փոքրիկ Էմիին ուրախ մանկություն խաղաղ երկնքի տակ»,- նշվում է էջում։

Պավել Մանուկյանը ծնվել է 2001 թվականի մարտի 5-ին Գյումրի քաղաքում: Սովորել է Մայիսյանի միջնակարգ դպրոցում ,ապա Գյումրու տնտեսագիտական համալսարանի վարժարանում։ Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրու տնտեսագիտական համալսարանը։ Միաժամանակ զբաղվել է ֆուտբոլով։

Նա խաղացել է Շիրակ Ֆուտբոլային ակումբում։
Ծառայել է Ջաբրաիլում, վիրավորվել է սեպտեմբերի 27-ին։ Գլխից բեկորային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտ ,ապա Երևան։ Վեց օր վերակենդանացման բաժնում բժիշկները համառորեն պայքարում էին նրա կյանքի համար, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նա անմահացավ: