Ադրբեջանցի «ակտիվիստները» այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են. Արցախի ՆԳՆ․ «Ազատություն»

Ակտիվիստները այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են. տեղեկացանք Արցախի ներքին գործերի նախարարությունից, գրում է «Ազատությունը»։

Բնապահպանական կոչերով 138 օր արցախցիներին պաշարման մեջ պահած ակտիվիստները հայտարարում են, որ ակցիան դադարեցնում են ժամանակավոր՝ կվերսկսեն, եթե Արցախի հանքավայրերում մոնիտորինգի հնարավորություն չստեղծվի։ Ի դեպ, հանքավայրերը ամիսներ ի վեր չեն էլ աշխատում։

Եթե ադրբեջանցի ակտիվիստները հեռանան Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհից, ոչինչ չի փոխվի, այդ միակը կիրակի օրվանից փակ է մեկ այլ հատվածում՝ Հակարիի կամրջի վրա։

«Մինչև աչքս չտենա, չեմ հավատա», – ասում է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Նա դժվարությամբ է հավատում, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցիներից կազատագրվի, այնինչ եռակողմ թղթի վրա գրված ու ստորագրված է. Լաչինի միջանցք, հինգ կիլոմետր լայնքով, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ապահովելու է Արցախ – Հայաստան կապը. – «Հիմա ռուսի թուլությունն ա թե ցանկությունն ա, տենց են անում։ Եթե էս նոր հրամանատարը որ եկել ա, ոտը դնի ասի՝ պիտի դուրս գաք, ուրեմը պիտի դուրս գան։ Եթե չանի, ուրեմն անիմաստ ա էս ամեն ինչը։ Կա’մ խաղաղապահները չեն ուզում պահպանել, իրանց ստանձնած պարտականությունները կատարել, կա’մ ի վիճակի չեն անելու»։

Ակտիվիստների հեռանալը միայն մի բան կփոխի՝ Շուշիի շրջանի չորս գյուղերի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերը մնացել են ադրբեջանական երկու անցակետերի միջև։

«Գոնե բացվի, գնանք էն յանի վրից առևտուր անենք։ Որովհետև արդեն ոչ մի բան չունենք։ Վերջացել ա, մնացել ա մի անգամվա հաց; Ավելի լավ ա նենց գնամ-գամ, քանց թե իրանց դրոշի տակով գնամ-գամ», – ասում է մեծշենցի Մարո Մկրտչյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում