«1000+»-ը կդառնա «Զինապահ»

2021-2022 թվականներն անցումային ժամանակահատված էին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար, երբ մեզ համար առաջնահերթություն էր ժամանակին և պատշաճ հատուցումներ կատարելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը:

«Այժմ, երբ հարաբերականորեն կայուն շրջան է հիմնադրամի կյանքում, մենք կարողացանք հիմնադրամի ճանաչողության վերաբերյալ փոքրիկ ուսումնասիրություն կատարել, այդ թվում մեր շահառուների շրջանում»:

Նարինե Գալստյան-ի խոսքով՝ «1000+» անվանումը այլևս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը. «Բացի այդ, «1000+» անվանումը հանրության կողմից տարբեր դրսևորումների ու հոլովումների է արժանացել: Համադրելով մեր պատկերացումները մեր ուսումնասիրության հետ, վստահաբար որոշում կայացրինք, որ հիմնադրամի համար պետք է նոր անուն մշակել, նոր վիզուալ ինքնություն ունենալ, որը մի քանի նպատակ պետք է հետապնդեր. լինել նույնական լոգոյի և անվան հետ, լինել հեշտ հիշվող, արտահայտել  հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, որովհետև մենք մի փոքր փոխում ենք ուղղվածությունը ավելի ֆինանսական կառույցի, ընդլայնել բրենդի ընկալումը հասարակության մեջ և արտահայտել հիմնադրամի նպատակն ու առաքելությունը, այն է՝ համախմբել ազգին կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունն ու արժանապատիվ կյանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվանից հիմնադրամը հանդես կգա նոր՝ «Զինապահ» անունով:

Հիմնադրամի ամբողջական անունը կլինի «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ: