ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանին կոչ է արել կրկնապատկել բարեփոխումներին ուղղված ջանքերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանն անվանել է դաշինքի «ամենամոտ գործընկերներից մեկը», հայտնում է Грузия Online-ը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշնակիցները լիովին աջակցում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նա հավելել է, որ Վրաստանը կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի մշտական ​​քաղաքական և գործնական աջակցության վրա։

«Իմ հերթին, ես ակնկալում եմ, որ Վրաստանը կկրկնապատկի իր ջանքերը՝ ներքին բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարական չափանիշները պահպանելու համար», – ասել է Ստոլտենբերգը։

Իր հերթին, Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը դաշինքի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։