Գեներալ Վոլկովի մասնակցությամբ Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են

Հակարիի կամուրջը բացելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, դրանց մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Այս մասին հայտնել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ բանակցությունները դեռևս անարդյունք են:

«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը շոշափելի արդյունքներ կլինեն։ Պետք չէ գուշակություններ անել, սակայն դատելով ռուսական կողմի հայտարարություններից, իրավիճակը կհանգուցալուծվի»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները։

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։