ԱՄՆ կոնգրեսականներն ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ ապրիլի 24-ին ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին ուսուցանելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված ցեղասպանության համար:

Ակտը ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Նրանց միացել են նաև Ներկայացուցիչների պալատի 38 անդամներ: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:

Ակտի հեղինակներից Աննա Էշուն նշել է, որ Հայոց ցեղասպանության կրթական ակտը պահպանում է զոհերի ժառանգությունը, պայքարում ցեղասպանության ժխտման դեմ և ապագա սերունդներին դասեր տալիս պատմության այս մութ էջի մասին: