Եթե այսպես շարունակվի, ապա երկու-երեք օրից արդեն սննդի խնդիր է լինելու. Շուշիի շրջվարչակազմի ղեկավար (տեսանյութ)

Շուշիի շրջանի գյուղերը՝ Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր, հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ: Դեկտեմբերի 12-ից Ստեփանակերտի հետ կապի հնարավորությունը կորցրած գյուղերը տրանսպորտային կապ չունեն նաև ՀՀ բնակավայրերի հետ: Արդեն ուրվագծվում են պարենի հետ կապված դժվարությունները: Իսկ առողջապահության ոլորտի մասին ավելորդ է անգամ խոսել: Այդ գյուղեր հասնելու հնարավորություն չունեն անգամ շտապօգնության մեքենաները:

«Եթե այսպես շարունակվի, ապա երկու-երեք օրից արդեն սննդի խնդիր է լինելու։ Գյուղերի մեծ մասը հաց էին ներկրում Գորիսից։

Ամենադժվար խնդիրն այն է, որ ծանր հիվանդ լինի, տեղափոխման հարց լինի, մեծ խնդրի առջև ենք կանգնելու, քանի որ ճանապարհը փակ է և դեպի Գորիս, և դեպի Ստեփանակերտ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։

Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։