Բաքուն և Թբիլիսին պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, կողմերը պաշտպանական ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հասանովը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, ի պատասխան,  Բուրչուլաձեն նշել է, որ ադրբեջանցի և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունի ավանդական բարեկամություն և փոխադարձ վստահություն: Հատուկ ընդգծվել է նման հանդիպումների կանոնավոր անցկացման, ինչպես նաև երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում շփումների ընդլայնման կարևորությունը: Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում համատեղ զորավարժությունների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման շուրջ: