Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև». Արծվիկ Մինասյան

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում այն դեպքում, երբ անգամ հանցագործ, ցեղասպան Իլհամ Ալիևը, ինքն է հրապարակային հայտարարում, որ «Մադրիդյան սկզբունքներով փակ դռների հետևում ինձ պարտադրում էին, որ ես ճանաչեի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը»»,- Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին։

Շարունակելով իր ելույթը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհետևի կամ չգնահատի այս իրավիճակը։ Եվ ինչո՞ւ պետք է խեղաթյուրվի թե՛ 1989 թվականի ԼՂ ինքնավար մարզի որոշումը միանալ Հայաստանին՝ դա շփոթելով 1991 թվականին արդեն ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչակագրի ընդունմամբ՝ անկախության գործընթացի իրականացման հետ:

Եվ որ ամենակարևորն է. նույն Ադրբեջանի Հանրապետությունն անկախացել և հիմք է ընդունել միայն իր Առաջին Հանրապետությունը, չեղարկել է Խորհրդային Միության անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը, ինչո՞ւ հանկարծ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը, կամ Արցախի Հանապետությունը դիտարկվի Խորհրդային Ադրբեջանի կոնտեքստում, այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետությունն ինքն է հրաժարվել լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»: Նկատի ունեմ հիմնավորումները: Ինչո՞ւ է ավելի հիմնավորում, որքան նրանք չեն անում դա: Իմ կարծիքով՝ պատասխանը մեկն է. այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել հնարավոր մեղավորներին։

Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ պետք չի դա անել, հետևեք ձեր իսկ առաջարկներին, պարոն Փաշինյան: Ասում եք՝ «գտնենք ելք»: Ելքը գտնենք, բայց պետք չի անել հղումներ, կատարել ոչ իրական փաստարկումներ, որն ավելի է վատացնում իրավիճակը:

Այո՛, արցախյան կոնֆլիկտը լուծված չէ, և սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը: Այդ կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: