Փաստենք, որ Բաբայանի կողմից Նիկոլին երեկ մատուցած հերթական «բարոյական աջակցությունը» տապալված էր
Երեկ այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական պետպատվերն էր. Պետրոսին հեռակապով հյուր էին կպցրել Սամվել Բաբայանին։
Ուղեղների լվացման նիկոլական գուռուները և ժողովրդին էշի տեղ դնելու վարպետները 3 նպատակ էին հետապնդում, երեքն էլ տապալված։
- Արցախի քաղաքական դաշտի վրա սուր ճոճելն էր պետնախարար դառնալու հայտով, որպեսզի չըմբոստանան Նիկոլի՝ Արցախը հանձնելու դավադրության դեմ։
Այս մանյովրը տապալված է, քանզի Արցախում Բաբայանից շատ վաղուց չեն վախենում։
- 44-օրյա պատերազմի մեղքը Նիկոլի վրայից հանելու փնթի փորձն էր, քանզի թե «նախկինների», թե գեներալների վրա մեղքը գցելը իրեն սպառած, դատարկ և կեղծ քարոզչական ճիգ է։
- Սերժ Սարգսյանին կպնելը։ Երրորդ նախագահի կողմից վերջին ելույթներում բերված փաստերն ու փաստարկները անգամ ճարտասան և ստախոս Նիկոլը հերքել չի կարողանում։ Ուստի գործի է դրել իրեն ծառայող գործիքներին մեր դեմ քսի տալու անարդյունավետ մեխանիզմը։ Երբ Բաբայանի նման վարկաբեկված, դատարկ և հիվանդագին ինքնասիրահարված մեկը խոսում է լրջությունից և անլրջությունից, անգամ Նիկոլի կերած խաշած կուկուռուզի ծիծաղն է գալիս։
Ի մի բերելով փաստենք, որ Բաբայանի կողմից Նիկոլին երեկ մատուցած հերթական «բարոյական աջակցությունը» տապալված էր։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից