2022 թվականին Երևանում յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկել 1 ամուսնալուծություն

Հայաստանը դասվում է ցածր ծնելիություն ունեցող երկրների շարքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը։

«Իրականում մեր բնակչության նվազման հիմնական խնդիրը ոչ թե եղել է ծնելիությունը, այլ արտագաղթը»,- նշեց նա։

Մհեր Մանուկյանն ասաց, որ ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում երիտասարդներն ուշ են ամուսնանում, բացի այդ՝ մեր երկրում շատ լուրջ է ամուսնալուծությունների խնդիրը։

Ըստ նրա՝ 2022 թվականին Երևանում յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկել 1 ամուսնալուծություն: «Դա սոսկալի ցուցանիշ է»,- ասաց Մհեր Մանուկյանը։

Ամուսնալուծությունների բարձր ցուցանիշով Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում:

Երկրորդ դաշտը, ըստ Մհեր Մանուկյանի, առողջապահությունն է, որտեղ բազմաթիվ տեղեր կան, որ կարելի է բարելավել։

«Մասնավորապես, սրտանոթային հիվանդությունները մահվան պատճառների մեջ առաջատար են: Եթե կարողանանք հասնել նրան, որ երիտասարդներն ավելի առողջ կյանք վարեն, վնասակար սովորություններից խուսափեն, արդյունքում կունենանք առողջ ու երկարակյաց սերունդ»,- ընդգծեց նա։