Իզուր չէ, որ մինչ այսօր արհեստածին պետության բռնապետ Ալիևը կռիվ է տալիս Սերժ Սարգսյանի շողքի հետ

2023 թ․ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2022 թ․ կատարման ընթացքի և արդյունքի մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ «Խաղաղության դարաշրջանի» քարոզին՝ նշելով, որ խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել,  մենք որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու երբևէ:

Եթե մենք այս միտքը չարձանագրենք, այն չդարձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում ենք, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքները ընդլայնելու համար:

Վերոնշյալի մեջ միակ «ճշմարտությունը», որը հնչեցվել է Փաշինյանի կողմից, այն է, որ ՀՀ տարածքը կազմում է(ր) 29800 քառակուսի կիլոմետր, (խոսքն այն երբեմնի հզոր պետության մասին է, որի տարածքը 3 մլն քառակուսի կիլոմետր է եղել), սակայն իր և իր «կիրթ ու կառուցողական հարևանների» թեթև ձեռքով ՀՀ քարտեզը վաղուց փոխվել է, անգամ նրա նշած 29800 քառակուսի կիլոմետրն է կասկածի տակ դրվում թշնամի պետության կողմից։

Եվ երբ հնչում է արտահայտություն, թե մենք այլ երկրից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու երբևէ, պետք է կտրուկ հակադարձել և ասել՝ մենք ոչ միայն տարածքային պահանջներ ունենք և ունենալու ենք մի քանի իր սրտին մոտ երկրներից, այլև գալու է օրը, երբ մենք վերականգնելու ենք մեր երբեմնի հզորությունը, արժանապատվությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ստեղծելով Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք կուռ քառամիասնություն, և այդ ժամանակ տեսնենք, ո՞ր մի լաբորատոր պայմաններում ստեղծված պետությունը կհանդգնի մեզնից տարածքային պահանջներ ներկայացնել և որ ամենազավեշտալին է՝ խոչընդոտել մեր ուժեղացմանն ու զարգացմանը։

Բացի դրանից՝ հիշեցնենք դմփ-դմփ-հու-ին, որ մենք՝ հայերս, ներկա իրողության պայմաններում ունենք երկու հայկական պետականություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, սակայն վերջինիս մասին նա ամբողջովին մոռացել է և նույնը ցանկանում է, ներարկել ապագա սերունդներին՝ դարձնելով այն հանրության սոցիալ-հոգեբանություն։

Վերհիշենք ևս մի անդառնալի իրողություն՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվե:

Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Այսքանով ամեն ինչ ասված է, ինչքան էլ փորձեն հայկական Արցախը ներկայացնել արհեստածին պետության՝ Ադրբեջանի մաս, փաստերն ավելի խոսուն են։

Փաշինյանի մտքերն ավելի հեռուն են գնում

«Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:

Ասեմ նաև, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չեն համապատասխանում, և մենք դա կարող ենք ապացուցել: Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»,-հնչեցրել է Փաշինյանը ապրիլի 18-ին ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունենալիս։

Արձանագրենք վերոնշյալը և մի քանի տարով հետ գնանք՝ հիշելու, թե ինչ էր ասում սույն անձը 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից․ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»։

Ինչպե՞ս պաշտպանվեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքները

44-օրյա անհավասար պայքարից հետո կորցրեցինք Արցախի Հանրապետության 70-ից 80 տոկոսը, 5000 հայորդիներ նահատակվեցին (ըստ Փաշինյանի՝ զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս), ամենահայկական Շուշին դարձավ՝ Շուշա, Քարվաճառը ազատագրած Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, առանց կրակոցի հանձնվեց թշնամուն, ստրատեգիական նշանակություն ունեցող բազմաթիվ բարձունքներ տրվեցին թշնամուն, ցանկը անվերջ է․․․

Ստեփանակերտում ՀՀ վարչապետը շեշտում էր որ,  անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ (ինչպես կասեր ՀՀ երրորդ նախագահը՝ իյա՜, իրո՞ք)։ «Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը»։

Այստեղ Փաշինյանը հիշատակում է իրենց ծագումնաբանությունը (որը դեռ շատերի կողմից բացահայտված չէ)՝ բացառելով դավադրությունը, արդյունքում ողջ հայության թիկունքում մեծ դավադրություն է կազմակերպվում՝ զրկելով արցախահայությանն իրենց պատմական հայրենիքից, ավելին՝ ստիպողաբար նրանց դուրս են հանում իրենց տներից՝ Աղավնո, Բերձոր, Սուս, ինչ է թե կիրթ ու կառուցողականն էդպես էր ուզել։ Այսքանից հետո՝ գրոշի արժեք ունե՞ն դմփ-դմփ-հու-ի խոսքերը, եզրակացությունը թողնում եմ ձեզ։

Մինչ գործող վարչախումբը փափագում է, որ ապագա սերունդը համակերպվի հայրենիքը մաս-մաս կորցնելու մտքի հետ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում երիտասարդների հետ, պատասխանում նրանց հուզող հարցերին, ներկայացնում Արցախյան հիմնախնդրի ծագումը, իր ղեկավարման տարիներին բանակցային փուլում գրանցած առաջընթացը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր խոսքերը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, շեշտելով՝ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ։

Իզուր չէ, որ մինչ այսօր արհեստածին պետության բռնապետ Ալիևը կռիվ է տալիս Սերժ Սարգսյանի շողքի հետ։ Քանի որ Ալիևի հոխորտանքներին գործող վարչախումբը  համարժեք պատասխան չի հնչեցնում, ՀՀ երրորդ նախագահը ստիպված է լինում հիշեցնել Ալիևին, թե ինչպես էր ի լուր աշխարհի Սերժ Սարգսյանը նրան «նվաստացնում», ինչպես ինքն է ասել՝ ստիպելով փակ դռների հետևում ճանաչել Արցախի անկախությունը։

Երբ Ալիևը այցելել էր ժամանակավորապես օկուպացված Մատաղիս (Սուգովուշան) գյուղ և ՀՀ երրորդ նախագահին այնտեղ էր հրավիրում, նախագահը նրան Շախ և Մատ արեց նշելով․«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը պայքար էր մղում իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում:
Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»:

Ասածս կցուցանե, որ ինչքան էլ փորձեն աղավաղել, ջնջել, կասկածի տակ դնել մեր վաղեմի պատմությունը, կան փաստեր, որոնք առավել խոսուն են, պոպուլիստ մանկլավիկների կողքին ապրում են հայրենասեր, ուղի անցած  մարդիկ, ովքեր ամեն անգամ «մուրճ ու մանգաղով կխփեն պուպուլիստի գլխին», երբ փորձ արվի մեր բազմադարյա պատմությունը հարմարեցնել անգամ մի դար իր գոյությունը չհիմնավորած արհեստածին պետության քիմքին։

Ահա թե ինչ է լինում երբ կշեռքի նժարներին դրված է փուչ խոսքն ու լուռ գործողությունը։

Լուսինե Այրապետյան