Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահի մշակույթի և արվեստի կոմիտեի համանախագահ

Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահի մշակույթի և արվեստի կոմիտեի համանախագահ։ Այս մասին ասվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Լեդի Գագան (իրական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի սեփականատեր է և պատմության մեջ ամենահաջող կոմերցիոն կատարողներից է։

Կոմիտեն, որը ստեղծվել է 1982 թվականին, խորհուրդներ է տալու ԱՄՆ նախագահին և ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին մշակութային քաղաքականության հարցերում։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերի հայկական տիրույթում քննարկվում էր Լեդի Գագայի մեծ աղմուկ հանած «911» երգի տեսահոլովակը, որտեղ օգտատերերը կապ էին տեսնում «911» երգի տեսահոլովակի և պատերազմի միջև։