Նախկիննե՞ր, թե ներկաներ․ այս է խնդիրը․ ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

«Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծմանը և իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան»։ Այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ ընտրվելը, իսկ ընտրվելուց հետո առաջին քայլերից մեկը, որ արեց՝ Սփյուռքի նախարարությունը փակելն էր։

Սակայն, ինչպես փաստերն են վկայում, Փաշինյանի խոսքերն ու գործողությունները հակասեցին իրար, 2018թ. իշխանափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումներն անկում ապրեցին, իսկ եթե որևէ ոլորտում չնչին աճ է գրանցվում, ապա այդ ներդրումների առյուծի բաժինը պատկանում է նախորդ կառավարության օրոք հիմք դրված ներդրումային ծրագրերին, ինչպես օրինակ էներգետիկ համակարգում մեկնարկած խոշոր ծրագրերը՝ Լոռու մարզում խոշոր ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը, (որի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել), Երևանում խոշոր ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը:

Քանի դեռ գործող վարչախմբի ընտրազանգվածը սպասում է խոշոր ներդրումների՝ հասկանանք, թե ինչքան է աճել Հայաստանի ներքին և արտաքին պարտքը գործող վարչախմբի իշխանության տարիներին։

Հստակեցնենք և շարժվենք առաջ․ ներքին պարտքը գոյանում է հիմնականում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերի հաշվին, արտաքին պարտքը միջազգային կազմակերպություններից և պետություններից ստացված վարկերն են, փոխառությունները և եվրապարտատոմսերի թողարկումից ստացվող գումարները:

2021 թվականի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։ Մեկ տարում այն ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով։

Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները վկայում են, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի հաշվին։ Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ և ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։

Հայաստանի արտաքին պարտքը, որի գերակշիռ մասը օտարեկրյա պետություններից ու կազմակերպություններից վերցրած վարկերն են, 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 643 մլն, որը 2020 թվականի վերջի համեմատ աճել է 583 մլն դոլարով կամ 9.6%-ով։

Արտաքին պարտքից 6 մլրդ 185 մլն դոլարը Կառավարության պարտքն է, որը մեկ տարում աճել է 585 մլն դոլարով կամ 10.5%-ով։ Արտաքին պարտքի մի մասն էլ՝ մոտ 458 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, որը տարվա ընթացքում նվազել է 0.5%-ով։ Բոլոր դեպքերում, ինչպես Կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի պարտքը Հայաստանի արտաքին պետական պարտքն են։

Ներքին պետական պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ 2020 թվականի վերջի համեմատ աճելով 35.3%-ով կամ 674 մլն դոլարով։

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 637,7 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով:

Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով:

Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 451 մլն դոլար:

Այս իշխանությունների կառավարման 5 տարիների ընթացքում պետական պարտքն ավելացել է գրեթե 5 մլրդ դոլարով, ինչը ռեկորդային թիվ է, որն ուղիղ համամետական է գործող վարչախմբի կեղծ խոստումներին։

Ինչպես շեշտեցինք, երբ այս իշխանություններն իրենց «հպարտ» գլուխները բարձր խոսում են աննախադեպ ներդրումների և ռեկորդային տնտեսական աճի մասին, ապա դա նախկին իշխանությունների թողած ժառանգության արդյունքն է, իսկ այն ոլորտներում, որտեղ գործող վարչախումբը զրոյից է ներդրումային ծրագրերի հիմքը դրել, մեծամասամբ չեն հաջողել։

Փաստ է, որ սփյուռքից ակնկալվող օգնությունը կամ տեղ չէր հասնում կամ էլ մեծամասամբ չէր ծառայում իր նպատակին, իսկ օտարերկրյա ներդրողներին, բնականաբար, ամենաառաջինը հետաքրքրում է սեփականության պաշտպանության իրավունքը, ինչը պետք է երաշխավորված և պաշտպանված լինի արդար դատական համակարգով, քանզի ներդրումների ներգրավվման գլխավոր նախապայմանը գրավիչ ներդրումային միջավայր ունենալն է:

Ներդրողները, չնայած նրան, որ Հայաստանը ժողովրդավար և անվտանգ երկիր է ներկայացվում իշխանությունների սիրելի ուժերի կողմից, կույր չեն և հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանի դատական համակարգում, անվտանգային ոլորտում՝ ռիսկերի գնահատում են իրականացնում, այդիսկ պատճառով ներդրումների թիվը կտրուկ նվազել է։

Այսօրվա՝ «նախկինների նախկին» համարվող իշխանությունները, երբ մեղադրում են իրենց ընդդիմադիր «նախկիններին» թող հիշեն՝ մինչ իրենց իշխանության ղեկին բազմելը ինչ քաղաքականություն էր վարվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, և ինչպիսի պայմաններ էին ստեղծվում Հայաստանում ներդրումային դաշտն ավելի գրավիչ դարձնելու, օրինակ 2015 թ. Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ ստանալով ազատ մուտք դեպի 170 միլիոնանոց շուկա: 2015 թ․ մայիսին Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որը նոր հորիզոններ է բացեց երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը, որի արդյունքում ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից՝ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը։
Նշված նպատակներին հասնելու համար Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում:

Բազմաթիվ ներդրումներ են եղել Արցախի Հանրապետությունում, ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսայնն է նշել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում․ «Համահայկական հոգատարության և սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում և մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր և անվտանգ տեսնելու ցանկությամբ…

«Արցախի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ»։

Կրկի՞ն բերեմ օրինակներ, թե այսքանը բավական է, հասկանալու համար, որ դուք նախկինը մերժելով՝ մերժեցիք հայկականությունը ներկան թողնելով թուրք-ազերական տանդեմի կամակատարների հայեցողությանը։

Ահա թե ինչ է նշանակում 10 տարվա ակտիվ ներդրումային ծրագրերը հավասարեցնել շրիշակի մակարդակի։

Լուսինե Այրապետյան