ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը Թագուհի Թովմասյանին նվիրել է Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք» գիրքը

ԱԺ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ապրիլի 12-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմիի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի հետ, որի ժամանակ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, արցախահայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ այս համատեքստում կենսական անհրաժեշտություն համարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Թագուհի Թովմասյանը այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ընդգծեցինք Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքի կարևորությունն ու մեր երկրում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ հայտնելով մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու նշված ոլորտներում։

Ի թիվս այլ հարցերի` խոսեցինք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից և համապատասխան հանձնաժողովի խայտառակ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունից:

Հ․Գ․ Շնորհակալություն տիկին Շմիդտին հետաքրքիր նվերի՝ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք» գրքի համար»,- նշել է նա: