Հայ Առաքելական եկեղեցու համար մեծ ցավ է տեսնել ողբերգական իրադարձություններն Ուկրաինայում. Գարեգին Երկրորդ

Հոգևոր աշխարհի խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն եկեղեցական կանոններին խիստ համապատասխան։ Դա վերաբերում է նաև Կիև-Պեչորյան վանքի հարցին, ծխականների ավանդույթին և իրավունքին, որը պետք է հարգել։ Այս մասին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՏԱՍՍ-ի հարցազրույցում։

Կաթողիկոսի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու համար մեծ ցավ է տեսնել ողբերգական իրադարձություններն Ուկրաինայում։ Ցավոք, ստեղծված ծանր իրավիճակն ազդել է նաև եկեղեցական կյանքի վրա։

«Հոգևոր աշխարհի խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն դարերի ընթացքում սրբազան դարձած եկեղեցական կանոններին խիստ համապատասխան, պետության հովանու ներքո պետք է ապահովվեն հավատացյալների խղճի և դավանանքի ազատության իրավունքները։ Ինչ վերաբերում է Կիև-Պեչորյան մենաստանին, պետք է հարգել նաև պատմական մենաստանի ավանդույթները, նրա սպասավորների և ծխականների իրավունքները»,- ասել է ՀԱԵ-ի հայրապետը։

Գարեգին II-ը ցանկություն է հայտնել, որ «Աստծո ողորմածությամբ շուտով վերականգնվեն խաղաղությունը եղբայրական նույնահավատ ժողովուրդների կյանքում, փոխըմբռնումն ու համերաշխությունն ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում»։