Տեղում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Անահիտ Ավանեսյան

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունից վիրավորված վեց զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր և ծայրահեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ վիրավորներից չորսը Երևանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։ Նրանց տեղափոխելու կարիք չկա։

«Վիրավորները տեղափոխվել են գիշերը, իսկ գիշերը սանավիացիա չի կարող օգտագործվել, չենք էլ կարող սպասել առավոտյան։ Տեղափոխումներն իրականացվել են հնարավորինս կարճ ժամկետներում, և գիշերը մեր հիվանդները եղել են Երևանում։ Այսօր նրանց վիճակը կայուն է եղել։ Արվում է ամեն ինչ, որ ապաքինումն արագ լինի։ Տարբեր տեսակի վնասվածքներ ունեն։ Իրականացվել են վիրահատական միջամտություններ։ Այս պահին անդամահատությունների մասին որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։