Հայաստանի ու Արցախի անկախ գոյությունը հենց երեք նախագահների գործունեության պտուղն է

Երեկ, 4-րդ իշխանություն օրաթերթում հանդիպեցի նյութի, որի հեղինակն էր ոմն Մարկ Նշանյան։ Հասարակությանն անհայտ մեկը, որը գեղջկական աճպարարությամբ ցանկանում է լվանալ կապիտուլյանտի երեսը՝ Հայաստանի վերջին 5 տարիների փորձանքների պատասխանատվությունը ջանալով տարածել ՀՀ 2֊րդ և 3֊րդ նախագահների վրա։ Փորձելով դեմոնիզացնել վերջիններիս՝ հեղինակը կարծես թե ձգտում է տարանջատել ՀՀ առաջին նախագահին նորանկախ Հայաստանի պատմությունից՝ մոռանալով, որ Հայաստանի ու Արցախի անկախ գոյությունը հենց երեք նախագահների գործունեության պտուղն է։

Եթե հոդվածագիրն ու թերթի խմբագիրը ջանում էին օգտակար լինել իրենց քաղաքական առաջնորդին, ապա արջի ծառայություն են մատուցել, իսկ եթե հոդվածագիրը ձգտում էր հաճոյախոսել առաջին նախագահին, ապա կարող էր դա անել ուղիղ տեքստով և բնավ չկաշկանդվել, եթե իհարկե վերջինս ունի նման շողոքորթություններ լսելու ցանկություն ամեն մի Մարկ Նշանյանից։

Բայց հեղինակի խնդիրը դեպի առաջին նախագահը տածած համակրանքը ցուցադրելը չէր, այլ դեպքերը նիկոլաբար խմբագրելը։ Անհաջողաբար ձգտելով մաքրել դավաճանի խարանը գործող իշխանության ճակատից՝ հոդվածագիրը փորձել է նենգաբար տեղափոխել նիկոլիզմի արմատներն Անկարայից ու Բաքվից դեպի արցախցի նախագահների կառավարման ժամանակաշրջան։ Անհարգի բառամթերքով թիրախավորելով նախագահների անձը՝ վերջինս միայն ցուցադրել է իր բարոյական սնանկությունն ու քաղաքական աճպարարությունը, քանզի ժամանակը բավարար կերպով ցուցադրեց, թե ո՛վ, ո՛վ է իրականում։

Հոդվածի բանալի բառերն այդքան չարչրկված «լափաման»-ն ու «թալան»-ն էին, որով թունավորվեց հասարակական գիտակցությունը 2018թ-֊ին և թերևս դրանից առաջ ու հետո։ Հենց նման կերպարներն են, որ քաղաքական դիսկուրսն ու պետության կառավարումը տեղափոխեցին դեպի 19֊րդ դար՝ դրանց տալով իրենց գյուղի նահապետական նիստ ու կացի տեսքը։ Հենց նման կերպարներն են, որ պետական ու ազգային շահի մասին ընկալումներ են քարոզում Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի օրինակով՝ գործող քաղաքական դեմքերին ներկայացնելով Խեչանանց Խեչանի ու Միկիտան Սաքոյի դրսևորումներով։

Որևէ մեկը կարո՞ղ է արդյոք պատկերացնել, որ իտալացիները հանկարծակի Գարիբալդիին թալանչի անվանակոչեն, իսկ գերմանացիները Բիսմարկի հայրենանվիրումը վերագրեն լափամանից օգտվելու։ Բարդ է նույնիսկ պատկերացնել թե ինչպիսի՜ համաշխարհային խայտառակություն կլինի, որ եթե հանկարծ նույն իտալացիներն ու գերմանացիները Մուսոլինիի ու Հիտլերի ժամանակներում ծնված ֆաշիզմի ու նացիոնալ֊սոցիալիզմի համամեղավորներ նշանակեն նաև Գարիբալդիին ու Բիսմարկին՝ պնդելով, որ դա եղել է վերջիններիս «լափամանից օգտվելու անսանձ դրսևորում»։

Կարծում էի, որ 2018թ-֊ի նիկոլիզմի բերած աղետներից հետո, նմանատիպ կերպարները կհասկանան իրենց մեղքը և կդադարեն հասարակական ընկալումներին թույն խառնել, բայց խնդիր ունենալով մաքրել անարգանքի խարանը կապիտուլյանտների ճակատից, գրչակների սույն խմբակը բախվում է կորնթոսյան հաստ սյան՝ Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալին։

Իրենց քաղաքական կարգադրիչներին սպրդվելու մեջ գերազանցելու փորձ անելու ժամանակ պատմության և տրամաբանության առջև մեղանչողներին, պիտի հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանին սևացնելու գնով իշխանություն խլածներն ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանի Հայաստանն էր ճի՛շտ, հաղթակա՛ն ու ապահո՛վ, իսկ իրենցը՝ օրինականացված կոռուպցիայի դրսևորումներով վխտող, կապիտուլացված ու եռաբլուրում «բա որ հանկարծ…» կարգավիճակով փորված փոսերով լի։

Նյութի հեղինակը հարց է բարձրացնում, թե ի՞նչ է փոխվել 2018թ-ի մայիսից հետո և պատասխանում, որ ոչի՛նչ…իրո՞ք…

Փոխվեց այն, որ իր իսկ անվանակոչած «երիտասարդ կարիերիստների զանգվածներին» փոխարինեցին կարտոֆիլի պարկերի մեջ զանգվածաբար պահված պատանիների դիերը, «եռագույն բազեներին» փոխարինելու եկան կապտամազ ադրբեջանասերները, երկրապահներին տեղակալեցին հեղափոխության պահապանները։ Ինքնահռչակ բարոյախոսը պնդում է նաև, որ հայրենիքը ո՛չ թե պետք է սիրել, այլ հայրենիքին ծառայել, ապա ուրեմն ի՞նչ պատասխան է տալու այն հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց պարտքը հայրենիքին տված՝ չհապաղեցին կամավորագրվել վերջինիս պաշտպանության գործին։

Եկե՛ք մեկընդմիշտ ամրագրենք, որ բարեկեցիկ ապրելու հնարավորությունը և հայրենատիրությունն իրար լրացնող երևույթներ են և ո՛չ հակառակը, ապացույցը՝ Հռոմի բազմադարյա պատմությունը։ Իսկ նախագահների հեղինակությունը սասանելու փորձեր անելու փոխարեն՝ հոդվածագիրը թող ավելի խորը զբաղվի պատմագրության և բարոյագիտության ուսումնասիրությամբ։

Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից