Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները

Հայտնի են դարձել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այդ հանձնաժողովի նիստի մասնակիցների տված ցուցմունքների մանրամասները։

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին դաշնակցական Մհեր Սահակյանի հարվածին նախորդել է թեժ բանավեճ։ Հրապարակված ցուցմունքների  համաձայն, ամեն բան սկսել է դաշնակցական մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ կորսված հողերի մասին հարցից։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսել։

Միջադեպին ներկա ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի վկայությամբ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել. Այդ պահին Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել ու բղավել Վարդանյանի վրա: Դրանից հետո նա բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանին, նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, որից հետո Սահակյանը հեռացել է։

Վ. Վարդանյանը պատմել է, որ ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ ոտքի է կանգնել հանդարտեցման կոչ է արել, ինչից հետո Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռան։ Վարդանյանն ասել է, որ չի գոռում, այլ կարգի է հրավիրում բոլորին։

«Դրանից հետո Մհեր Սահակյանը առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է. մոտեցել է իրեն և առանց խոսելու՝ աջ ձեռքին ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին։ այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաև ծակոց, որից հետո հավասարակշռությունը կորցրել է և ընկել գետնին։ Ընկնելուց դիպել է նախագահողի հետևում դրված  աթոռին, որը շրջվել է։ Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը ևս դուրս է եկել, ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի»,-ասված է Վարդանյանի ցուցմունքում։

Ընդդիմադիր Գեղամ Նազարյանն իր ցուցմունքում նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանդիպման ժամանակ ձայնը բարձրացրել է, իրեն ագրեսիվ պահել, իսկ Սահակյանը նկատողություն է արել: Ի պատասխան՝ Վարդանյանը ձեռքով խփել է սեղանին ու ասել, որ կխոսի այնպես, ինչպես կցանկանա։ Այն բանից հետո, երբ Սահակյանը կրկնել է պահանջը, Վարդանյանը մոտեցել է նրան, իսկ վերջինս, տեսնելով դա, ոտքի է կանգնել ու հարվածել մոտեցող խորհրդարանականին։ Դրանից հետո, ըստ Նազարյանի, Սահակյանը հեռացել է, որպեսզի միջադեպը չշարունակվի։

Արծվիկ Մինասյանը պատմել է, որ Վարդանյանը չհիմնավորված  մեղադրանքներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, նույնիսկ զավեշտի հասնող ձևակերպմամբ, որ արարտ լեռն իրենք են թողել թուրքերին։«Իրենք հակադարձել են, որ սխալ բաներ պետք չէ ասել, որին ի պատասխան Վլադիմիր Վադանյանը գոռգոռացել է»,-ասված է Մինասյանի ցուցմունքում։

Անդրադառնալով այն կասկածներին, թե Սահակյանը կոտրած մկրատով է հարվածել Վարդանյանի դեմքին, դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանը հերքել է, նշելով այս վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված  և փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում պատճառված վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով։

«Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը պատմել է, որ իր աշխատասենյակ շփոթված մտել է Մհեր Սահակյանը, պատմել է տեղի ունեցածի մասին, սեղաններից մեկից վերցրել է մկրատը, զայրույթից ջարդել այն, ինչի հետևանքով վնասել է մատը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում մարտի 31-ին փակ նիստում միջադեպ է գրանցվել Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջև: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Սահակյանն անհիմն դիտողություն է արել Վարդանյանին, որից հետո մոտեցել է նրան ու ինչ-որ առարկայով հարվածել նրա հոնքին։ Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի (այսինքն՝ Սահակյանի) մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկուշաբթի օրը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։