Տարածաշրջանային էսկալիացիայի վտանգը ՔՊ-ականների նոր դավադրությունների ֆոնին (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է  ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորած, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն, և վերջիններս համարվում են բռնի անհետացածներ:

Արտակ Զաքարյանից հետաքրքվեցինք, թե արդյո՞ք 31 տարի անց թշնամին փոխվել է և պատրա՞ստ է խաղաղ ապրել հայ ժողովրդի հետ, այնպես, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը՝ բազմիցս ընդգծելով, որ խաղաղության օրակարգը այլընտրանք չունի։

«Թուրքը չի փոխվել և չի էլ փոխվելու, մենք ենք փոխվել, դարձել ենք ավելի անլուրջ, ավելի հայրենիքի ղադրը չիմացող, ինչպես ասում են, և իհարկե, զգոնությունը կորցրած, որը վատ անդրադարձ է ունենալու և ունենում է արդեն, – ընդգծեց բանախոսը՝ մեկնաբանելով, թե ինչու է համարում անլուրջ։- Լուրջ հասարակությունը Նիկոլ չէր ընտրի և չէր բերի իշխանության, հատկապես պատերազմից հետո։ ինչու ենք զգոնությունը կորցրել, որովհետև այսքան օկուպացված տարածքներ ամեն օր, ամենօրյա ռեժիմով հայ-ադրբեջանական սահմանագծին եթե ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունենում ի վնաս Հայաստանի, և դա հայ ժողովրդի համար հետևություններ անելու որևէ տեղիք չի տալիս»։ Զաքարյանի խոսքով՝ նախորդ 30 տարիներին, հատկապես 90-ականների սկզբին, Ադրբեջանի հետ մեր մարտական գործողությունները, այն զարգացումները, որ այնուհետև տեղի են ունեցել Արցախյան խնդրի շուրջ, մեզ հերթական անգամ որպես ապացույց բերել են այն եզրահանգման, որ Ադրբեջանի հետ ցանկացած հարաբերություն պետք է տեղի ունենա ՀՀ ուժային դիրքերի գերակշռության միջոցով և միջազգային հստակ երաշխիքների հիման վրա։

Խոսելով անվտանգության խնդիրների մասին՝ նախկին փոխնախարարը կարևորեց այն փաստը, որ Արցախի անվտանգությունը մեր անվտանգությունն է․ «Եթե չենք կարողանում մենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր լինել, նշանակում է, որ մենք չենք կարողանում Ամասիայի և Գյումրիի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել, մենք չենք կարողանում Բաղրամյանի շրջանի և Արմավիրի շրջանի մեր քաղաքացիների անվտանգության երաշխավորը լինել, որովհետև Արցախից է սկսում մեր անվտանգությունը։ Եթե Արցախում քաղաքացին վտանգված է, ուրեմն Գյումրիի, Վանաձորի և մնացած բոլոր տարածաշրջանների մեր քաղաքացիները վտանգված են։ Սրանք ոչինչ չեն կարողանալու անել, ոչ մի զարմանալու բան չկա, որ սրանց պարագայում մեր տարածքները օկուպացվում են, Արցախը շրջափակման մեջ է։ Բա էլ ինչի համար ենք նրանց ասում դավաճան»։

Արտակ Զաքարյանի խոսքով՝ էս դավաճանական մթնոլորտում մեր հասարակությունը կորցնում է անվտանգության նկատմամբ զգոնությունը, ինչը հղի է ցեղասպանության նոր վտանգներով։ Հետևաբար մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Նիկոլը վտանգ է, և պետք է Նիկոլից հրաժարվել, և այդ պարագայում պետք է հասկանալ որն է Հայաստանի Հանրապետության իմունային համակարգը․ առողջ քաղաքական ուժերը, ովքեր կարող են քաղաքական ճանապարհով կասեցնել Հայաստանի Հանրապետության ներսից տարվող դավաճանական քաղաքականությունը և դրսից իրականացվող ագրեսիան, դիվերսիան, ինչը միայն կրակոցի տեսք չունի, այն տնտեսական է, մշակութային է, քաղաքական է, սոցիալական է, դա բարոյական արժեհամակարգն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում