Գալուստ Սահակյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հուշերում․ LIVEnews.am-ի խմբագրակազմ

Այսօր պետական և քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ծծնդյան օրն է։

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ. ապրիլի 8-ին մայրաքաղաք Երևանում։ 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ։ 1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն։ Քաղաքական և հասարակական գործունեությամբ զբաղվել է 1992-1996 թթ.-ից՝ դառնալով  Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։

1995-2013 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տարբեր հանձնաժողովների անդամ։ 2007թ․ դարձել է ՀՀԿ խմբակցության ղեկավար։ 2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։

2019 թ․ դադարել է զբաղվել քաղաքականությամբ։ Մահացել է 2022թ-ի դեկտեմբերի 18-ին՝ ծանր հիվանդության պատճառով։

Գալուստ Սահակյանն իր ուրույն և կարևոր տեղն էր զբաղեցնում Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Նրան ճանաչող յուրաքանչյուր ոք կարող է պատմել նրա անսահման համբերատարության և բարության մասին։ Նրա բազմամյա գործունեությունն անգնահատելի է։

Գալուստ Սահակյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հուշերում։

Աստծո մխիթարությունը նրա ընտանիքի անդամներին և հարազատներին։

Գալուստ Գրիգորիչ, շնորհավոր երկնային ծնունդդ։