Բարելավումը քննարկումներին է վերաբերում. Անդրանիկ Քոչարյանը Տեղ գյուղի հատվածում սահմանային իրավիճակի մասին

Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան. շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։:

«Շփումները հույս են ներշնչել, որ զրույցները, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ, որովհետև աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետև դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչև այն պահը, երբ կհաստատվեն սահմանագծի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ այս ամենի մեջ կա իրենց բացթողումը. «Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով և բանակն է իրենց կողքին, և մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»,-ընդգծեց Քոչարյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիների մոտ 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տևել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դադաղեցնել. «Մերն անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը: Էն ինչ-որ մերն է՝ մերն է, և եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի: Ես վստահ եմ, որ իրենք մեր տարածքից անպայման դուրս են գալու»: