ԱՄՆ-ը Ուկրաինային թույլ է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի նոր շրջաններին. Սպիտակ տուն

Վաշինգտոնը չի դրդում Ուկրաինայի զինված ուժերին հարվածներ հասցնել Ուկրաինայի սահմաններից դուրս, բայց թույլ է տալիս ռազմական գործողություններ վարել Ռուսաստանի նոր շրջանների տարածքում, հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

«Մենք պայմաններ չենք ապահովում և չենք դրդում ուկրաինացիներին հարվածներ հասցնել Ուկրաինայի սահմաններից դուրս», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուկրաինական զորքերին հնարավորություն տալ ռազմական գործողություններ իրականացնել՝ Ռուսաստանին միացած շրջանները գրավելու նպատակով՝ սկսած 2014 թվականից: Խոսքը Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մասին է։

Ընդ որում, Սպիտակ տան ներկայացուցիչը չի նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը բազմիցս գնդակոծել են Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանները: