Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության մասին փաստաթուղթը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը։

Այժմ նշված փաստաթուղթը կփոխանցվի ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին։ Դրանից հետո Հանրապետությունը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ստորագրման պահը «պատմական» է անվանել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայացուցիչները դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման փաստաթղթերը փոխանցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ընդունելության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բրյուսելում՝ կազմակերպության կենտրոնակայանում, որտեղ այդ օրը բացվում է դաշինքի երկրների արտգործնախարարների պլանային երկօրյա հանդիպումը: Դրան կմասնակցեն Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն և պաշտպանության նախարար Անտտի Կայկկոնենը: Հանրապետությունը կդառնա դաշինքի 31-րդ անդամը։ Ֆինլանդիան Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին հայտ է ներկայացրել 2022 թվականի մայիսին, սակայն Թագավորության անդամակցությունը շարունակում է արգելափակել Թուրքիան, քանի որ Ստոկհոլմը մինչ օրս չի կատարել Թուրքիայում ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ փախստականներին արտահանձնելու Անկարայի բոլոր պահանջները: