ԱԳ փոխնախարարը Կուբայի դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա) ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք: Կուբայի դեսպանն իր հերթին նշեց, որ կանի առավելագույնը նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի զարգացման հարցերին, կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ի թիվս այլոց բազմակողմ հարթակներում:

Պարույր Հովհաննիսյանը կուբացի դիվանագետին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվեց Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի տեսլականը։

Անդրադարձ կատարվեց նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: