Հայաստանին և ԼՂ-ին աջակցելը կնշանակի լինել պատմության և արդարության կողքին. Մամիջանյանը՝ Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբին

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգների ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ հաջորդ տարի կլրանա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Ընդգծելով երկու երկրների օրենսդիրների արդյունավետ աշխատանքն ամենատարբեր խորհրդարանական հարթակներում՝ բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել խորվաթական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար: Նա, մասնավորապես, առանձնացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցում համատեղ աշխատանքը: Պատգամավորը հիշեցրել է նաև, որ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի նախաձեռնությունների ժամանակ Խորվաթիան բազմիցս Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ եղել է համահեղինակ:

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ադրբեջանական ագրեսիայի և ԼՂ հակամարտության համատեքստում Հայաստանին և ԼՂ-ին աջակցելը կնշանակի լինել պատմության և արդարության կողքին»,- նշել է Հայկ Մամիջանյանը: Պատգամավորն այս առումով հիշեցրել է Ադրբեջանի նախագահի կողմից պետական պարգև ու մրցանակ շնորհելը երկու գործչի, որոնք, պարզապես, ապահովել են Լաչինի միջանցքում ուսանողների ներկայությունը: «Այսինքն՝ իրենք ոչ մի բնապահպանական ակցիա չէին իրականացնում: Սա պարգև էր 120.000 հայերի շրջափակման մեջ պահելու համար»,- ասել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գրանցած արդյունքներին: «Մենք ուզում ենք որոշում կայացնողների խոսքում և գործում տեսնել փոփոխություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը և Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են»,- փաստել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Նա խոսել է նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցում ևս մերժում է միջազգային դիտորդական առաքելության ներգրավումը:

Որպես պատմաբան՝ Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դոմագոյ Խայդուկովիչը շեշտադրել է, որ բազմաթիվ վանքեր, գերեզմանատներ, եկեղեցիներ ավերվել են, փորձ է արվել հայկական տարածքներում վերացնել հայկական ներկայությունը: Դոմագոյ Խայդուկովիչը կարևորել է տեղում խնդիրներին ծանոթանալը և ընդգծել, որ դա հնարավորություն կտա իրենց՝ եվրոպական տարբեր հարթակներում բարձրաձայնելու դրանց մասին: Նա խոսել է նաև ԵՄ շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը ևս անդրադարձել է Լաչինի միջանցքի ճգնաժամի մասով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործմանը: Նա կարևորել է համագործակցությունը ԵԽԽՎ տիրույթում:

Բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ և նշել, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նրա համոզմամբ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, սակայն գործնականում այլ քայլեր է իրականացնում: «Հայաստան» խմբակցության ղեկավարն այս բարդ իրավիճակում կարևորել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող արձագանքը լինի հասցեական:

Բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է Արցախում շրջափակված 120.000 հայերի առողջապահական և սոցիալական խնդիրների մասին, նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի գերակա: Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ ակնկալում է գործընկերների հասցեական արձագանքը: