Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքաարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և հանքաարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը։

Այս մասին տեղեկացնում է  ՏԿԵ նախարարությունը:

Հովհաննես Հարությունյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցության կարևորությունը։

Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքաարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում մշակված՝ հանքաարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքի և ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև ներկայացրել՝ ՀՀ կառավարության առաջնահերթությունները հանքաարդյունաբերության ոլորտում։

Հանքաարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը և հանքաարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը հայտնել են իրենց պատրաստակամությունը ապագա համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով ինստիտուցիոնալ հնարավորությունների և կարողությունների զարգացումը։ Նշվել է նաև, որ շատ կարևոր է հանքաարդյունաբերության ոլորտի ընկալումը ոչ միայն բացասական, այլև դրական ազդեցությունների առումով։

Պատվիրակությունը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է հանրապետությունում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն։

Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է հանքաարդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները, կատարված աշխատանքները և կարևորել է պետության և մասնավոր սեկտորի միջև արդյունավետ համագործակցությունը: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է ոլորտում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ միջազգային հաջող փորձերից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում: