ՍԱՏՄ-ը պատասխանել է ՀՀ-ից կաթնամթերքի ներկրման սահմանափակման մասին ՌԴ-ի հայտարարությանը

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ-ը։

Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։

Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։ Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։

Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը»  հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ։

Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի ձեռնարկությունների կողմից արտադրված հումք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

««Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։

Խորհրդակցությունների արդյունքներով՝ դիտարկելու է կաթնամթերքի մատակարարման դադարեցումը Հայաստանի կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից»,-ասված է հաղորդագրության մեջ։