Ռուսական հատուկջոկատայինները Հայաստանի լեռներում տեղանքի հետախուզում են իրականացրել

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները տեղանքի հետախուզում են անցկացրել Հայաստանում` «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:

Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Վարժանքն անցկացնելու համար հատուկ ստորաբաժանումը 10 կիլոմետրանոց երթ է իրականացրել նախապես նշված երթուղով։ Զորավարժարանի տարածքում զինծառայողները կատարել են տեղանքի հետախուզում՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ, որոնց օգնությամբ իրականացրել են պայմանական հակառակորդի դիրքերի լուսանկարահանում և տեսանկարահանում, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի տեղակայում, ինչպես նաև կառավարման կետի տեղադրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հատուկջոկատայինները հրաձգության և խոչընդոտների հաղթահարման նորմատիվներ են կատարել և ստորաբաժանման կազմում մշակել են քողարկման և գաղտնի տեղաշարժման խնդիրները:

Ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների պլանային վարժանքներին ներգրավված է եղել ավելի քան 50 զինծառայող և մոտ 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: